«Ծրագրում ենք 3+3 ձևաչափով համագործակցություն. Հայաստանից կառուցողական քայլեր ենք ակնկալում այս ուղղությամբ».Չավուշօղլուն՝ Արցախյան կարգավորման մասին

Թուրքիայի իշխանությունները նախատեսում են ընդլայնել համագործակցությունն  Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ մինչև «3 + 3» ձևաչափ: Այս մասին հունվարի 29-ին Ստամբուլում հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն՝ իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ մամուլի ասուլիսում, գրում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:

«Մենք պետք է խթանենք հրադադարի ռեժիմը: Այսպիսով, մենք նախատեսում ենք այս ճանապարհին  համագործակցել 3 + 3 ձևաչափով (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա)», — ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Չավուշօղլուն  նշել է նաև, որ «Հարավային Կովկասում կայունացման պարզ ցանկությունը բավարար չէ», և «համագործակցության ընդլայնման միջոցով անհրաժեշտ է հասնել կայուն հրադադարի»:

«Այս տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը բխում են բոլորի շահերից: Դա առավելագույնս ձեռնտու կլինի Հայաստանին և նրա ժողովրդին: Հետևաբար, մենք Հայաստանից կառուցողական քայլեր ենք ակնկալում այս ուղղությամբ»,-ավելացրել է Չավուշօղլուն:

Նա հիշեցրել է որ Զարիֆը Թուրքիա ժամանելուց առաջ այցելել էր Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան և Վրաստան, որտեղ,  քննարկել էր նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրները: Երկու երկրների արտգործնախարարները վերլուծել են այդ շփումների արդյունքները:

Նյութի աղբյուրը՝ tert.am

 752 total views,  2 views today

Оставьте первый комментарий для "«Ծրագրում ենք 3+3 ձևաչափով համագործակցություն. Հայաստանից կառուցողական քայլեր ենք ակնկալում այս ուղղությամբ».Չավուշօղլուն՝ Արցախյան կարգավորման մասին"

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*